Քաղաքացու ձայնը

Citizen's voice

CVmedia
23/11/2022
share

«Նորաստեղծ գործարանը գնահատվում է գրոշներով, ինչ է թե սահմանին է, այնինչ պիտի անգին լիներ»․ Գագիկ Աղաբաբյան

«Կանաչ գյուղ» ՍՊԸ հիմնադիր, գինեգործ Գագիկ Աղաբաբյանը ֆեյսբուքյան իր էջում հղում անելով ՀՀ Կառավարությանը, ՀՀ բանկերին, գանահատող անկախ կազմակերպություններին գրառում է արել, որում ասվում է․«Ժողովուրդ ջան, բարի օր եմ մաղթում ձեզ:
Ուզում եմ մի ցավոտ հարցի մասին բարձրաձայնեմ։
Մեր գործարանը գտնվում է սահմանամերձ գոտում, այո՝ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ, մենք դրանից չենք հուսախաբվում, հուսակտրվում, ընդհակառակը, ավելի ենք ամրանում ու ոգևորվում։ Ոգևորվում ենք մեր գյուղացիների ու մեր թիմի անձնվեր աշխատանքով, առանձնահատուկ ուզում եմ հատուկ մեր երախտագիտությունը հայտնել մեր գործընկեր Արսեն Դրամբյան- Լիանա Հուսիկյան ընտանիքին, որ չնայած բոլոր դժվարություններին, միշտ մեր հետ են և կիսում են մեր հոգսերը ու խնդիրները:
Դիմում եմ ՀՀ Կառավարությանը, ՀՀ Բանկերին ու գնահատող անկախ կազմակերպություններին։ 
Էդ որ ասում եք ամրացրեք մեր սահմանը,աշխատատեղեր բացենք, էդ որ հյութալի ու ոգևորիչ ծրագրեր եք գրում ու մեզ նետում բանկերի ճիրանները, էդ ինչո՞ւ սահմանի վրա բացված նորաստեղծ գործարանը իրավունք եք վերապահում գնահատել գրոշներով, ինչ է թե սահմանի վրա է, ռիսկային է, «բա որ կրակե՞ն»։ Էդ որ ինձ ասում է Մոսկվա կամ այլ տեղ նստած հավանական մի դիստիբյուտր , ես հասկանում եմ, բայց կներեք, ձեզ չեմ հասկանում: Ո՞վ է ձեզ իրավունք տալիս իմ երեսին շպրտել, թե եթե քո գույքը լիներ Երևան, գիտես միլիարդներ կարժենար, բայց որ սահմանի վրա է... 
Կներեք՝ ընդհակառակը, սահմանի վրա պիտի անգին լինի: 
Այո, սահմանի վրա ենք ապրում, ապրելու ենք ու պիտի ապրենք: Կառուցել ու կառուցելու ենք: Կասեք մի քիչ էմոցիոնալ եմ գրում։ Բնավ։ Սրտի ցավով եմ գրում, սրտի ցավով՝ ուղղված են համատարած անտարբերությանը և սառը աչքերով հայացքներին, որ կա մեր հողի ու մեր գյուղացու նկատմամբ: Հարգելի պարոններ, էդ որ ասում եք, թե «բա դու ընդամենը մի տարի ու մի քիչ ավել ես գործում ու տեսնում ենք, որ շատ մեծ առաջխաղացում ունես, հիանալի ցուցանիշներ, բայց արի մի տարի էլ սպասենք տեսնենք կապրե՞ս, թե՝ չէ, նոր քո հետ կորոշենք աշխատե՞լ, թե՝ չէ»։ Կներեք․ ես սկսում եմ մտածել, որ բոլորդ էս երկրից չեք, որ դուք չգիտեք մեր հողի գինը, մեր հողի համը, դուք գիտեք միայն ձեր քսակի տեղը: 
Ցավում եմ, իրոք ցավում եմ, մենք, մեր գործընկերների հետ միասին հավատում ենք մեր Հայաստան աշխարհին, մեր երկրին, մենք կառուցել ու կառուցելու ենք, մենք ապրել ու ապրելու ենք էս նույն տեղում` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԳՈՏՈՒՄ: Ձեզ հետ, թե առանց ձեզ, էլի առաջ ենք գնալու: 
 Իմ հարգելի խաղողագործներ, գյուղացիներ ջան, մենք միշտ միասին ենք ու դեռ շատ ճանապարհ պիտի անցնենք, մեր սահմանի, մեր սիրելի Հայաստանի Նոյեմբերյան աշխարհի մի փոքրիկ  «լավաշաչափ»  հողի վրա:
Բարին ընդ ձեզ»։

Իր գրառումը Գագիկ Աղաբայանը սկսել և ավարտել է #Մեր-սահանը-մենք-ենք հեշթեքով։

3

facebook sharing button facebook